Առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի ժամկետը փոխվի 7-օրյայի. Ավանեսյան

Աննա Կոստանյան 4.11.2021 - 13:49
4.11.2021 - 13:49 դիտում

Մեր կողմից հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն շրջանառվելու է. մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոխվի 7-օրյայի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով «Դելտա» շտամի հետևանքներին՝ նախարարը նշեց, որ թե՛ հիվանդացության, թե՛ մահացության առումով մենք միջին տարիքի նվազում ունենք:

«Մենք բարձրաձայնել ենք պարբերաբար, որ այս շտամը շատ ավելի ագրեսիվ վարքագիծ ունի. թե՛ երիտասարդացման, թե՛ հիվանդության ծանրացման առումով մենք նկատում ենք այդ տարբերությունը»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է հակապատվաստումային քարոզ անող բժիշկներին, ապա, նախարարի խոսքով, նրանց թիվը թեև փոքր է, սակայն նրանք շատ ակտիվ են:

«Նրանք օրուգիշեր զբաղված են այս վնասարարությամբ: Մոնիտորինգ իհարկե իրականացնում ենք, հնարավորինս փորձում ենք ԲԿ-ների առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու, թե արդյոք բժիշկն իրավունք ունի՞ զբաղեցնելու մի պաշտոն, որին լրիվ հակառակ ուղղությամբ է իր հանրային խոսքը կառուցում. մեր կարծիքով՝ շատ կարևոր ինտիտուտ է բժիշկների լիցենզավորման ինստիտուտը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պետք է լիներ այն գործիքը, որ թույլ չտար բժիշկներին հակագիտական, հակապատվաստումային վարվելակերպ և գործունեություն իրակակացնել:

«Ինստիտուտի հետ կապված լուրջ պլաններ ունենք, դա ընդգրկված է նաև Կառավարության ծրագրի մեջ. հետագայում երբ ունենանք այս ինստիտուտը, ապա բժիշկը չի կարող իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- ասաց Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ որոշ բժշկական կենտրոններ, հենվելով իրենց շրջանակներում գործող էթիկայի հանձնաժողովների կամ խորհուրդների դիտարկումների վրա, որոշ բժիշկների աշխատանքից ազատել են նման վարքագիծ դրսևորելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ