Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Գոհար Ստեփանյան 30.11.2020 - 10:56
30.11.2020 - 10:56 դիտում
ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ:
«Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի իմ ծառայակից ընկերներ և վետերաններ, սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով մենք այսօր ունենք լրջագույն կորուստներ և բազմապիսի խնդիրներ ու դժվարություններ:

Այդ համատեքստում հասկանալի է, որ այս տարի չենք կարող նախորդ տարիների նման ընդգծել օրվա խորհուրդն ու նշանակությունը: Մեր ժողովրդի առջև այժմ ծառացել են շատ ու շատ խնդիրներ, որոնք արագ և հրատապ կարգով լուծման կարիք ունեն: Այժմ էլ թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը պահպանվում է: Արտաքին մարտահրավերներն ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ դնող վտանգները չեզոքացված չեն:

Հարգելի գործընկերներ, այս ճգնաժամային ու հետպատերազմական շրջանում բոլորիս պարտքն է լծվել հայրենաշինության, ուժերի վերականգնման ու ծաղկման, տնտեսության և ռազմուժի հզորացման, համազգային միասնությունը վերագտնելու գործին: Մենք պարտավոր ենք լավագույնս կատարել մեր գործառույթն ու պարտականությունները: Այդ կլինի մեր հարգանքի տուրքը զոհված մեր եղբայրներին, ընկերներին ու հարազատներին, մեր պարտքը տալու մի յուրօրինակ ու համարժեք ձև:

Մենք մեծ վիշտ ենք ապրում, խոնարհվում ենք պատերազմի օրերին հերոսի մահով ընկած մեր 11 գործընկերների առաջ, աղոթում ենք 3 տասնյակից ավել վիրավոր գործընկերների շուտափույթ ապաքինման ու առողջացման համար, հույսով, որ օր առաջ կվերադառնան մեր շարքերը: Բայց, ինչպես Մովսես Գորգիսյանը կասեր. «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»:

Մենք հանուն մեր ընկերների ու մեր երեխաների ապագայի այսօրվանից պետք է բռնենք պայքարի ճանապարհը, սխալներից դաս քաղելու և ապագան նորովի կերտելու ուղին: Մեր սրտերում վառ պահելով մարտերում ընկած քաջորդիների հիշատակը, այսօր մեր ողջ ուժը դնենք հայրենիքը փրկելու և շենացնելու նվիրական գործին: Համոզված եմ, որ մեր համազգային իղձերի իրականացման գործում իր նշանակալի ավանդն ու դերն է ունենալու նաև ոստիկանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Ձեզ մաղթում եմ ոգու կորով, անկոտրում կամք, վճռականություն և ամենայն բարիք: Ամենակալ Տերը պահապան մեզ և հայ ժողովրդին»,- գրել է նա:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ