Անվան փոփոխության, ամուսնությունների գրանցման և ՔԿԱԳ մի շարք այլ ընթացակարգեր կդյուրացվեն

Աննա Կոստանյան 8.12.2020 - 13:48
8.12.2020 - 13:48 դիտում

Կառավարության՝ խորհրդարանի քննակմաը ներկայացված օրինագծով պարզեցվում է ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը: Ըստ այդմ՝ որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, և վարչարարությունն այսպիսով կկրճատվի:

Ինչպես Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացնելիս ասաց ՀՀ արդադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, նախագծերով սահմանվում Է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ:

«Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների կամ օտարերկրյա պետությունների հյուպատոսարանների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող-որոշում կայացնող շփումները: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայություննների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով», – ասաց Դանիելյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ներդրվել է այս ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:

Դանիելյանի հավաստմամբ՝ գրեթե բոլոր գործընթացներում վարչարարությունը զգալի նվազել է: Մասնավորապես հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պահանջը: Այժմ բավարար է թարգմանչի ստորագրությունը՝ հաստատված հայերեն թարգմանությամբ:

«Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բարեհունչ անուն ընտրելը, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր», – ասաց Դանիելյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ