Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Աննա Կոստանյան 6.05.2024 - 13:52
6.05.2024 - 13:52 դիտում

Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ: Խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը չենք կարողանալու ապահովենք: Ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել: Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:

«Իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, և որոշ մարդիկ էլ արդեն վաճառել են, և ոչ միայն հոգիները, այլև ինչ հնարավոր է վաճառել:

Զարմանում եմ, որ մտածում եք, որ ՀՀ ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել և չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, թե որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են ուղղորդում: Նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր որևիցե կազմի մեջ, ասենք՝ Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, որը 30 տարի եղել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ չեն թողնելու՝ Հայաստանն իր անկախությունը կորցնի. «Հայաստանն ունի, ունենալու է իր հստակ սահմանները: Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդն ընտրություն է կատարելու»:

Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն:

«Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու, խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանը ասաց. «Հարց չկա, դրե՛ք մանդատները: Տեսնեմ՝ կարողանո՞ւմ եք դնել մանդատները: Դուք ձեր պարտավորություններն ընտրողների առաջ կատարե՞լ եք: Ատելության խոսքի՞ց եք խոսում, ձեր խոսքին հետևեք»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ