Անջատում հանուն փրկության

Աննա Կոստանյան 2.11.2020 - 18:40
2.11.2020 - 18:40 դիտում

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն
իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վերջին օրերի զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են թուրք-ադրբեջանական տանդեմի հրեշավոր ծրագիրը՝ հայերի բնաջնջում։
Միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների՝ կասետային արկերի, ֆոսֆոր պարունակող հրկիզվող զինամթերքի օգտագործումը բացառապես միտված է խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանը։
Քաղաքացիական նշանակության բազմաթիվ օբյեկտների, Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի առողջապահական հաստատությունների, Շուշիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նախապես ծրագրված հրթիռակոծությունը պատերազմական հանցագործությունների շարքից է: Ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը, դաժան խոշտանգումները եւ կամայական մահապատժի ցուցադրումը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքի անհերքելի ապացույցն է։ Ըստ էության, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր նպատակներին հասնելու համար պատրաստ է ցանկացած՝ նույնիսկ ծայրահեղ արարքների:
Վերոգրյալը հստակորեն էթնիկ ֆոնի վրա հայ ժողովրդի դեմ ուղղված միջազգային հանցագործությունների ամբողջականություն է, որը վաղ թե ուշ պետք է ստանա պատշաճ գնահատական։ Ցավով պետք է արձանագրենք, որ անպատժելիությունը կարող է ծնել նոր ցեղասպանություն, որը մեր ազգն արդեն վերապրել է։
Որքան էլ պաշտոնական Բաքուն հերքի իր հանցավոր նպատակները, մենք կարող ենք փաստել, որ 3 տասնամյակ անց էլ նրանց ձեռագիրը չի փոխվել։ Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից հայերի բռնի տեղափոխումը եւ բնակչության բնաջնջումը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում եւ բոլորիս աչքի առաջ։ Եվ այսօր, Հայաստանի իշխանություններն անելու են ամեն բան սեփական ժողովրդի կյանքն ու ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար։ Խորհրդարանական դիվանագիտության տարբեր խողովակներով այս օրերին Արցախյան հիմնախնդիրը եւ դեպքերի զարգացումը մենք փորձում ենք հասցնել մեր գործընկերներին՝ արտերկրում։
Ժողովուրդների ամբողջական եւ անհատական իրավունքների ոտնահարումն ու ֆիզիկական ոչնչացումը կանխելու համար համաշխարհային պրակտիկայում գոյություն ունի մոդել՝ ժողովորդների հանուն փրկության անջատում։ Այն ենթադրում է, որ միջազգային հարաբերություններում Արցախը կունենա անկախ պետության կարգավիճակում հանդես գալու իրավունք։ Այսպիսով, միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումը միակ եւ անհրաժեշտ միջոցն է, որը կօգնի կանխել Արցախում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված հանցագործությունները»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ