Անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում

Աստղիկ Խաչատրյան 24.04.2026 - 20:59
24.04.2026 - 20:59 դիտում

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։
Վրաստանում Հայաստանի դեսպան Ա․Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։ Իրենց հարգանքի տուրքը մատուցել և ծաղիկներ են խոնարհել նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև վիրահայոց համայնքի ներկայացուցիչներ։
Վիրահայոց համայնքի ներկայացուցիչ, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արամ Միքայելյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ ապրում են հայեր, հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հիշատակի միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես են եկել Հայաստանից ժամանած դուդուկահարներ Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ