Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ. Թաթոյանն ուղերձ է հղել միջազգային հանրությանը

Աննա Կոստանյան 8.08.2023 - 12:56
8.08.2023 - 12:56 դիտում

Արցախում տեղի է ունենում զանգվածային [մարդասիրական] աղետ։ 120.000 հայեր արդեն 240 օր է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Մարդիկ, հատկապես երեխաները, հղի կանայք և տարեցները թերսնման պատճառով բախվում են առողջական սուր խնդիրների: Արցախում բացակայում են ամենաանհրաժեշտ սննդամթերքն ու կենսական կարևոր ապրանքները։ Այս մասին տեսաուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի հայատյաց ֆաշիստական քաղաքականությունը և միջազգային իրավունքի հանցավոր խախտումների համար անպատժելիությունը խթանում են Արցախում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ նոր և ավելի դաժան վարքագիծ: Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը ադրբեջանական իշխանության գլխավոր առաջնահերթություններն են։

Միջազգային առանցքային արժեքների նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը հասել են հնարավոր ամենաբարձր մակարդակին։ Նրանք արդեն նույնիսկ քաղաքացիական բուժառուի (պացիենտի) են առևանգում ԿԽՄԿ-ի կազմակերպած տեղափոխության ժամանակ, ինչին ադրբեջանական կողմը տվել էր իր նախնական համաձայնությունն ու հաստատումը:

Չի կարելի թույլ տալ, որ այս [մարդասիրական] աղետը շարունակվի։ Անհապաղ գործողությունները բացարձակ անհրաժեշտություն են հենց այս պահին՝ իրական մարդկային կյանքեր փրկելու համար»,- հայտարարել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ