Անահիտ Մանասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Աննա Կոստանյան 8.11.2022 - 15:55
8.11.2022 - 15:55 դիտում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել և անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը:

Մրցույթին դիմել և մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ:

Նա հեղինակ և համահեղինակ է 11 մենագրության, 4 ուսումնական ձեռնարկի և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում):

Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):

2022 թ. մարտից մինչ այժմ Մանասյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, 2020 թ. օգոստոսից այժմ՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ