Այս պահին Արցախի 120 հազար բնակիչ ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնած հումանիտար վերահաս աղետի առջև. Արցախի ՄԻՊ

3.12.2022 - 15:52 դիտում
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրառմամբ անդրադարձել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կեսօրից հետո, Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուն:
Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է՝ այս պահին Արցախի 120 հազար բնակիչ ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնած հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են:
«Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են:
Ավելին՝ նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:
Նման վտանգների կրկնության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:
Ուստի հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ