Այսօր Ադրբեջանը մի քանի կետով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան. Փաշինյան

Աննա Կոստանյան 4.08.2022 - 13:49
4.08.2022 - 13:49 դիտում

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապն ապահովել: 

«Այո՛, մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել: Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր: Հենց այսօր պատրաստ ենք ապահովել: Մենք նաև դեռևս նախորդ տարվանից ունենք կետ, որտեղ կա Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության կետ և սահմանապահ ծառայության կետ, և ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ:
Եթե բառացի և տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջևան հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում մենք կարող ենք դա ապահովել: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ իրենք գան, ասեն՝ ուզում են հատել, այդ կապը հաստատել, և մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի: Բայց էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է, և դա, բնականաբար, պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որտեղ ասվում է, որ ազատ տեղաշարժ պետք է տեղի ունենա.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք: Դա չի նշանակում, որ այդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանցմամբ: Այս իրողությունները մենք պետք է շատ հստակ արձանագրենք և նաև միջազգայնորեն արձանագրենք: Այս ամենը մենք աշխատանքային պայմաններում արել ենք՝ փորձելով աշխատանքային մակարդակում այս բոլոր խնդիրները լուծել:
Ընդ որում՝ ես խոսում եմ շփման գծի մասին: Դեռևս 2020 թվականի նոյեմբերից մեր աշխատանքի ուղղություններից մեկը եղել է դա՝ ինչպե՞ս ենք ապահովում շփման գծի գոյությունը, շփման գծի անվտանգությունն ինչպե՞ս ենք ապահովում: Սրանք հարցեր են, որ եռակողմ ձևաչափով պետք է լուծում ստանան:

Եթե մենք տեսնենք, որ եռակողմ ձևաչափով լուծումները հնարավոր չեն լինում, պիտի մտածենք լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման մասին: Կրկին եմ ասում՝ մենք նախկինում, հասկանալով ընդհանուր վիճակը և ցանկություն չունենալով դա քարոզչական ինչ-որ նպատակներով օգտագործել, նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ այս մանրամասները չենք էլ բարձրաձայնել՝ համարելով, որ դա մասնագիտական աշխատանքային թեմա է, և թույլ տալով, որ թեկուզ շատ քննադատվի այդ հայտարարությունը:
Բայց մենք ասում ենք, որ կան երեք՝ հստակ արձանագրված իրողություններ, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը. Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, շփման գիծ գոյություն ունի, և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի երաշխավորված կապ Լաչինի միջանցքով, որը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Եվ այս երեք իրողությունները պետք է պաշտպանվեն: Էսկալացիան ի՞նչ նպատակ ունի: Այս երեք իրողությունները վերացնել: Բայց այդ երեք իրողությունները հնարավոր չէ վերացնել, որովհետև Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությամբ է դա արձանագրված: Սա, ըստ էության, միջազգային պարտավորություն է՝ ստանձնված Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանապետության և Ադրբեջանի կողմից:
Եվ այս իրողություններով մենք պետք է առաջնորդվենք, և նաև մեր համապատասխան ինստիտուտները՝ Արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագիտական ծառայությունը: Իհարկե, այս աշխատանքը մենք արել ենք, և նաև միջազգային ատյանների հետ աշխատող մեր կառույցները պետք է այս իրողություններն արձանագրեն: Այս իրողությունների նկատմամբ ընկալումը, միջազգային ըմբռնումը պետք է մեծանա: Եվ, ըստ էության, այս անկյունաքարն է, որ պիտի դառնա տարածաշրջանում խաղաղության ու կայունության հիմքը:

Մնացած ուղղություններով էլ, կոմունիկացիաների բացման նաև՝ կրկին, պարոն Աբազյան, պարոն Բադասյան, ես ձեզ հանձնարարում եմ ևս մեկ անգամ, այս հրապարակային հայտարարությունն անում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը՝ նաև Իջևանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում:

Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն և, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք: Որևէ կասկած դրանում չունենք»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ