ԱՄՆ վարչակազմը պետք է գործի․ Ադամ Շիֆի կարծիքով՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել

Աննա Կոստանյան 24.08.2023 - 18:37
24.08.2023 - 18:37 դիտում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ դնելու համար:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականն իր տեսաուղերձում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պակասը, որի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։

«Այս հարցին հարկավոր է լուծում տալ և հրատապ կերպով», – նշել է Շիֆը։

Նա նաև հիշեցրել է վերջերս Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված նիստի մասին՝ շեշտելով, որ «դրան, սակայն, ոչինչ չհետևեց»։

«Մեզ հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս խախտմանը․․․ Եվ ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից։ Նրանք պետք է այնպես անեն, որ այս անօրինական շրջափակումն ավարտվի։ Մենք չպետք է որևէ գումար տրամադրենք Ադրբեջանին․․․ Մենք չենք կարող լռել: Վարչակազմը պետք է խոսի, պետք է գործի, ինչ-որ բան պետք է արվի, հակառակ դեպքում՝ ավելի շատ մարդիկ կմահանան», – հայտարարել է Շիֆը։

Կոնգրեսականը նաև հիշեցրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին։

«Նրանք շարունակում են ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով, նրանց դատապարտում են առանց պատճառի: Սրան պետք է վերջ դրվի», – ասել է Շիֆը:

Նա նաև շեշտել է, որ առաջին հերթին հարկավոր է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը:

 «Ես  խորապես անհանգստացած եմ, որ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ: Վարչակազմը պետք է գործի», – եզրափակել է կոնգրեսականը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ