ԱՄՆ-ն վերսկսել է հարվածներն Իրանի ուղղությամբ

30.07.2026 - 10:37 դիտում

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ չորեքշաբթի «ծանր» հարվածներ են հասցրել Իրանին։

Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «տասնյակ» թիրախների՝ ի պատասխան երեքշաբթի Հորդանանում ԱՄՆ բազաների և Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա Իրանի հարձակումների։

Վաշինգտոնը պարզաբանել է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կետերի, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայանների, ափամերձ հսկողության և պաշտպանության օբյեկտների, ինչպես նաև ռազմածովային ուժերի:

ԻՀՊԿ ուժերը երեկ մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախների, մասնավորապես՝ Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ։

Հարվածները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանին «շատ կոշտ» պատասխան տալու խոստումից ընդամենը մի քանի ժամ անց: Հորմոզգան նահանգի իշխանությունների տվյալներով՝ ԱՄՆ-ն հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզու օբյեկտների վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիայի հետ համատեղ, հարվածներ էր հասցրել Իրաքում Իրանի դաշնակիցների դեմ՝ թիրախավորելով տարածաշրջանում ԱՄՆ ուժերի և թագավորության էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների համար պատասխանատու խմբերի դիրքերը: Իրաքյան աղբյուրների համաձայն՝ ութ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։

Որոշակի հանգստությունից հետո տարածաշրջանում վերսկսվել են մարտական գործողությունները: Անօդաչու թռչող սարքերի հարվածները հրդեհ են առաջացրել ամերիկյան ընկերությանը պատկանող հեղուկացված բնական գազի պահեստավորման և վերագազիֆիկացման լողացող կայանում: Դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ