ԱՄՆ-ն չի վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե ի հայտ գան ԼՂ-ում էթնիկ զտումները վկայող ապացույցներ․ պետքարտուղարություն

Աննա Կոստանյան 3.10.2023 - 10:34
3.10.2023 - 10:34 դիտում

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով ԼՂ-ից հայերի տեղահանությանը և տարածաշրջան գործուղված ՄԱԿ-ի առաքելությանը վերաբերող հարցին, հայտարարել է` Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին:

«Կապի մեջ ենք տեղում գործող մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել: Ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ որոշումը հիմնված է ապացույցների պարունակող գործընթացի վրա, ուստի չեմ կարող վերջնականապես խոսել այդ մասին այս ամբիոնից»,- հայտարարել է նա:

Խոսելով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել մոտ 100 հազար հայ՝ Միլլերը շարունակել է՝ հստակ չէ, թե նրանցից քանի տոկոսն է ծրագրում մշտապես մնալ Հայաստանում, և որքան մարդ կցանկանա վերադառնալ Ղարաբաղ, եթե պայմանները թույլ տան, և տեղահանվածներին ցուցաբերվի համապատասխան վերաբերմունք:

«Ուստի, կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որը թափանցիկություն կապահովի և վստահություն կներշնչի ԼՂ բնակչությանը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն, մասնավորապես՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: Ադրբեջանը նման հավաստիացումներ է արել»,- ասել է նա` կարծիք հայտնելով, որ այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն, որը պետք է դիտարկի և երաշխավորի:

Ողջունելով ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այցը ԼՂ՝ Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ երկարաժամկետ առաքելության հարցի շուրջ: Նա նաև շեշտել է` առկա է խաղաղության հասնելու հնարավորություն:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կխրախուսեինք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու և, ի վերջո, լուծում տալու այդ հարցերին»,- ասել է նա

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ