ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների ՄԽ համանախագահների հովանու ներքո

Աստղիկ Խաչատրյան 29.07.2021 - 09:59
29.07.2021 - 09:59 դիտում

ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարություն մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունում:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառություններն՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ: Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,-ասված է հայտարարությունում:

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ էր սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ