ԱՄՆ-ը «վստահություն» է հայտնել, որ Պակիստանը միջուկային զենքն անվտանգ կպահի

Անի Հովհաննիսյան 18.10.2022 - 20:36
18.10.2022 - 20:36 դիտում

Միացյալ Նահանգները «վստահություն» է հայտնել Պակիստանի՝ միջուկային զինանոցը պաշտպանելու կարողության վերաբերյալ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը երկիրն անվանել է աշխարհի ամենավտանգավոր պետություններից մեկը և հայտարարել, որ նրանք «միջուկային զենք ունեն առանց որևէ կապակցվածության»:

Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Չոլետի և ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Մասուդ Խանի հանդիպումից հետո պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը անվտանգ և բարգավաճ Պակիստանը միշտ համարել է կենսական ԱՄՆ շահերի համար և վստահ է, որ Պակիստանը հավատարիմ է իր միջուկային ակտիվներն ապահովելու ունակությանը:

Հանդիպումից հետո Չոլետը Twitter-ում գրել է, որ հանդիպել է դեսպանի հետ, որպեսզի քննարկի երկու երկրների միջև «վաղեմի գործընկերությունը» և կապերի հետագա զարգացումը:

Խան Մասուդը թվիթին պատասխանել է հաջորդ օրը՝ գրելով, որ ինքը և Չոլետը քննարկել են կապերի կայունության բարձրացման և ռազմավարական վստահության ամրապնդման ուղիները:

Ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին, Բայդենը Պակիստանն անվանել էր աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը, ինչից երկու օր անց Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո-Զարդարին հայտարարել է, որ Պակիստանը կանչել է ԱՄՆ դեսպանին, որպեսզի բացատրություններ պահանջի Բայդենի հայտարարության կապակցությամբ:

«Մենք լիովին ի վիճակի ենք ապահովելու մեր միջուկային զենքի պահպանությունը, և այն համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,- հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարարը:

Վարչապետ Շեհբազ Շարիֆը նույնպես հերքել է Բայդենի պնդումները՝ դրանք անվանելով «սխալ և մոլորեցնող»։

«Վերջին տասնամյակների ընթացքում Պակիստանն իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջուկային պետություն, որտեղ նրա միջուկային ծրագիրը կառավարվում է հուսալի հրամանատարության և վերահսկողության համակարգի միջոցով»,- ասված է Շարիֆի հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ