ԱՄՆ-ը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար. Ադամ Շիֆ

6.08.2022 - 12:31 դիտում

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

«Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում զոհերի, այդ թվում՝ երկու հայ զինվորների մահվան մասին հաղորդագրություններով, ինչն Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի ռեժիմի ուղղակի խախտման հետևանք է: Սա հազիվ թե առաջին անգամն է, երբ Ադրբեջանը չհրահրված հարձակվում է գործում հայկական ուժերի վրա, և եթե ԱՄՆ-ը անհապաղ միջոցներ չձեռնարկի Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա վերջինը չի լինի»,- նշված է հայտարարության մեջ։

Շիֆը Պետքարտուղարությանը հորդորել է օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ լարվածությունը նվազեցնելու և «հայկական ինքնիշխանությանը և Արցախի տարածքային ամբողջականությանն Ամերիկայի անսասան աջակցությունը ցույց տալու համար»։

Նա նշել է, որ բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախում մարդասիրական և տնտեսական օգնության համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող պաշտպանական օգնությունը և վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբին ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացը վերակենդանացնելու համար։

Կոնգրեսականն ընդգծել է, որ միշտ լինելու է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ