ԱՄՆ-ը կոչ է արել հետաքննելու 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի խախտումները

9.11.2021 - 11:15 դիտում

Այս շաբաթ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը նշում են Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև 44-օրյա կատաղի ռազմական գործողություններին վերջ դրած հրադադարի մասին հայտարարության մեկամյակը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անցած տարվա մարտական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում գերության մեջ մնացած բոլոր անձանց վերադարձնելու, անհետ կորածների ամբողջական հաշվառելու, տեղահանված անձանց իրենց տներ կամավոր վերադառնալու, հակամարտության հետևանքով տուժած շրջանների հումանիտար ընդգրկուն ականազերծում իրականացնելու և միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը կարիքավորներին ապահովելու: Մենք նաև կոչ ենք անում հետաքննելու մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները»,- նշել է Փրայսը:

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի ապահովմանը:

«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ քննարկելու երկկողմ հարցերը բոլոր երեք երկրների հետ և ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակելու և ակտիվացնելու փոխգործակցությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ