ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս

Աննա Կոստանյան 4.01.2023 - 13:24
4.01.2023 - 13:24 դիտում

ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, հակված է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի առաջընթացին, մամուլի ասուլիսում ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել երկկողմ հարաբերություններ այնպիսի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու համար Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը։

Նեդ Փրայսը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ:

«Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի անգամ հնարավորություն է ունեցել միասին հավաքելու իր գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներին։ Մենք կշարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք, մեր կարծիքով, լավագույն հեռանկարն ունեն Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ տեսլականն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որ կողմերն իրենք հասնեն առաջընթացի։ Թե ինչպիսին կլինի այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելիքը չէ։ Սա ծանր աշխատանք է, որը պետք է կատարեն կողմերն իրենք»,- ընդգծել է Նեդ Փրայսը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ