Ամեն երրորդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն մինչև 6 տարեկանը

Աննա Կոստանյան 25.10.2021 - 12:50
25.10.2021 - 12:50 դիտում

Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից սկսած՝ ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն մինչև 6 տարեկանը: Այս մասին ասաց վարչապետը խորհրդարանում՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«2022-ի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխային ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50 հազար դրամ ֆինանսական աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է»,- ասաց նա:

Նրա համոզմամբ՝ դա նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն. 2 երեխա ունեցող ընտանիքներին կաջակցի, որ նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն:

«Սակայն հեռու ենք այն մտքից, թե 2022-ի պետբյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները, և, ըստ այդմ, բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռ չլուծված»,- ասաց Փաշինյանը:

Աղքատության և սոցիալական պաշտպանության խնդիրներն արմատապես լուծելու համար նա կարևորեց ամուր տնտեսական և անվտանգային հիմքերը: Փաշինյանը խոստացավ, որ դրանք դնելու են ամուր հիմքերի վրա և ստեղծելու են առաջիկա մի քանի տարիների ընթացում:

«Մենք վստահ ենք, որ Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,- նշեց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ