Ամենահրատապ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 24.08.2021 - 11:48
24.08.2021 - 11:48 դիտում

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն այնուամենայնիվ ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է. իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից ու ցանկությունից:

«Ամենահրատապ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է: Ինչպե՞ս է ուրեմն կառավարությունն ապահովելու այդ անվտանգությունը: Այս նպատակին հասնելու համար կառավարությունը մտադիր է կիրառել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական գործիքակազմը՝ որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կայունացումը: Գործնական առումով ՀՀ կառավարությունը կարևոր է համարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը և ողջունում է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումը հետևյալն է՝ զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից, ԼՂ խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, համանախագահները փաստել են, որ հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ և տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:

«Կառավարության օգոստոսի 12-ի նիստում ես հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկի: Պետք է հատուկ արձանագրեմ, որ կառավարության ծրագիրը ձևավորված ու ձևակերպված է բանակցային միջավայրի վերականգնմանն առավելագույնս նպաստելու միտումով ու նպատակադրումով, և կառավարությունը տրամադրված է առավելագույն կառուցողական աշխատանքի»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ