Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով. վարչապետը հանձնարարեց ռազմավարություն մշակել

Աննա Կոստանյան 1.12.2022 - 14:37
1.12.2022 - 14:37 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց խորը վերլուծել աղքատության իրավիճակը և այն հաղթահարման ռազմավարություն մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Վիճակագրության կոմիտեի՝ 2021 թվականի աղքատության ցուցանիշը:

«Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս: Ընդ որում, եթե համեմատում ենք ցուցանիշը 2020 թվականի հետ, ունենք աղքատության որոշակի նվազում, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսի ավելացում: Ընդգծեմ, որ 2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում: Այսինքն՝ 2019 թվականից առաջ տվյալները չենք կարող համեմատել 2019 թվականից հետո առկա տվյալների հետ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ աղքատության ցուցանիշի վերաբերյալ ավելի օպերատիվ տվյալներ չկան: Վիճակագրության կոմիտեի նախագահը վարչապետին հավաստիացրել է, որ դա միջազգային ստանդարտ է և ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում:

«Բայց, ամեն դեպքում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին համապատասխան հանձնարարական տվել եմ, որ մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք և աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակենք գաղափարախոսության շրջանակներում: Մեր գաղափարախոսությունը, իմ համոզմունքը հետևյալն են՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Մանավանդ հիմա պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիալական քաղաքականության մեր ռազմավարությունը, որովհետև աշխատաշուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ