Աղավնոյի դպրոցն անցել է բնականոն աշխատանքի

Աննա Կոստանյան 19.01.2021 - 15:25
19.01.2021 - 15:25 դիտում

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է կրթօջախի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:

«Պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետևանքով վնասվել էին կրթօջախի դռներն ու պատուհանները: Դրանք փոխարեն տեղադրել ենք նորերը: Արդեն հունվարի 11-ից ինչպես արցախյան բոլոր դպրոցները, մենք ևս 7 աշակերտով, նույնպես բնականոն հունով սկսել ենք դասապրոցեսը: Ներկայումս ունենք մոտ 20 աշակերտ և 8 ուսուցիչ:

Մինչև պատերազմը մեր դպրոցն աշխատում էր 50 աշակերտից և 17 մանկավարժից բաղկացած անձնակազմով: Վերադարձող ընտանիքների հետ աշակերտների թիվն աստիճանաբար աճում է: Հորդորել ենք նաև մյուս ուսուցիչներին, որպեսզի նույնպես վերադառնան և անցնեն իրենց պարտականություններին: Այժմ դպրոցն ապահովված է անհրաժեշտ գույքով:

Ջեռուցման համար մեզ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից վառարաններ էին տրամադրել, սակայն վառելափայտ ձեռք բերելու հարցում խնդիր ունենք, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտակա տարածքից չենք կարող հայթայթել: Ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրական տաքացուցիչներ տրամադրելու համար: Գյուղն այժմ ապահովված է կանոնավոր էլեկտրամատակարարմամբ, համացանցով ու հեռախոսակապով»,- մանրամասնել է Աղավնոյի կրթօջախի տնօրենը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ