Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան 1 նոր դեպք է արձանագրվել. ԱՆ խոսնակ

Աննա Կոստանյան 9.09.2020 - 13:39
9.09.2020 - 13:39 դիտում

Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան ևս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 5 պացիենտ։ Թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։

Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։

Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։

Սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած երեք տղամարդ կալանավորված է, երկուսը Արմավիրի բնակիչ են։

Հիշեցում: Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա:

Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։

Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ