Ալեն Սիմոնյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային

7.09.2021 - 22:52 դիտում

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությունը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այն պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրություններով և գրեթե նույն ճակատագրով:

Փաստելով երկու երկրների միջև առկա գերազանց միջպետական և միջխորհրդարանական համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը նկատել է, որ Հայաստանի և Կիպրոսի օրենսդիր մարմինների միջև հարաբերությունները վերջին տարիներին երկկողմ ջանքերի շնորհիվ որակապես նոր՝ առավել գործուն մակարդակի վրա են բարձրացվել: Նա գործընկերոջը վստահեցրել է, որ Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերաձևավորումից հետո առավելագույն ջանքեր կուղղվեն՝ ծավալելու դինամիկ և արդյունավետ համագործակցություն երկու հանձնաժողովների միջև:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցության նախաձեռնությունը, որը բացում է կողմերի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման նոր հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափում: Անդրադառնալով նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում Կիպրոսի հետ փոխգործակցության առաջնահերթությանը՝ Ալեն Սիմոնյանը կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկումը: Քննարկմանը կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային: ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել բարեկամ Կիպրոսին՝ սկզբունքային դիրքորոշման և Արցախի ժողովրդին աջակցության համար՝ մասնավորապես շեշտելով Կիպրոսի կառավարության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակությունը:

Գործընկերները զրույց են ծավալել նաև Կիպրոսի հիմնահարցի և Թուրքիայի կողմից երկխոսությունը խաթարող գործողությունների շուրջ: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մշտական աջակցության ցուցաբերումը Կիպրոսին միջազգային կազմակերպություններում՝ նշելով բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ Կիպրոսը կարող է ապավինել Հայաստանի անվերապահ աջակցությանն իր պայքարում՝ հանուն եղբայրական Կիպրոսի արդարության վերականգնման, հայրենիքի ազատության և վերամիավորման:

Շնորհակալություն հայտնելով բարի խոսքերի համար՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը ևս կարևորել է երկու երկրների միջև ամրապնդված տարիների սերտ կապերը: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի խնդրի վերաբերյալ Հայաստանի ցուցաբերած աջակցության համար՝ շեշտելով, որ Թուրքիայի հետ վեճի լուծումը միայն օրինական ճանապարհով է լինելու:

Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերին, որոնցում արձանագրված են Ադրբեջանի կողմից տեղի ունեցած խախտումները և Թուրքիայի կողմից անընդունելի անօրինական, գործողությունները: Հանդիպման ավարտին կողմերը փաստել են երկկողմ, եռակողմ, ինչպես նաև բազմակողմանի հարաբերությունների կարևորությունը և փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ