Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված նախագծի դեմ: Զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի՝ գրում է BBC-ն։
Բողոքի ակցիայի մեկնարկի անմիջական ազդակ է դարձել Ադրիատիկ ծովի ափին գտնվող արգելոցային գոտում տարվող աշխատանքը, որտեղ Քուշների հետ կապված ընկերությունն Ալբանիայի կառավարության համաձայնությամբ պատրաստվում է շքեղ հանգստավայր կառուցել:
Ցուցարարները պահանջել են ոչ միայն նախագծի դադարեցում, այլև վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը, որը երկիրը ղեկավարում է արդեն 13 տարի:
Անցյալ շաբաթ խորհրդարանում ելույթ ունենալով՝ վարչապետը հայտարարել է, որ ցուցարարների մտահոգությունները անհիմն են, քանի որ Քուշների նախագիծը վերջնականապես հաստատված չէ, ավարտված չէ նաև դրա բնապահպանական հետևանքների գնահատումը:
ԱՄՆ նախագահի փեսայի նախագիծն ընդգրկում է Ալբանիայի հարավում Զվեռնեց թերակղզին և մոտակա փոքրիկ Սազան կղզին։ Նախատեսվում է կառուցել հյուրանոցներ, առանձնատներ, ռեստորաններ, զբոսանավային նավահանգիստ, ինչպես նաև Սազանում բազմակիլոմետրանոց թունելներն ու ամրությունները հարմարեցնել զվարճանքի համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ բողոքում են Քուշների ծրագրի դեմ: ԱՄՆ նախագահ Թրամփի փեսային պատկանող Affinity Partners ներդրումային ընկերությունն անցյալ տարի նախատեսել էր հյուրանոց կառուցել Բելգրադի կենտրոնում գտնվող՝ նախկին Հարավսլավիայի բանակի գլխավոր շտաբի շենքի տեղում։ Սակայն նախաձեռնության դեմ ցույցերի պատճառով ընկերությունը հրաժարվել էր ծրագրից:
