ԱԺ քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված 3 հարցերը քվեարկվեցին և ընդունվեցին միաձայն

Գոհար Ստեփանյան 6.10.2020 - 11:26
6.10.2020 - 11:26 դիտում

Խորհրդարանում մեկնարկել է քառօրյա նիստը, օրակարգում ընդգրկված է 3 հարց, որոնցից մեկն, ըստ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, անհետաձգելի է։

Առաջին ընթերցմամբ պատգամավորներին ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկա փուլում գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը», – ասաց Բալայանը:

Օրենքի նախագծի ընդունումը, Բալայանի խոսքով,  հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

Օրակարգում ընդգրկված հարցերը քվեարկվեցին և ընդունվեցին։

Երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ 24 ժամվա ընթացքում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ