ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը

Աստղիկ Խաչատրյան 14.05.2021 - 21:57
14.05.2021 - 21:57 դիտում

Խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես, Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

Կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0:

Ավելի վաղ պատգամավոր Արման Աբովյանն ընթերցել էր հայտարարության նախագծի տեքստը և հիմնավորումը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սև լճի տարածքից ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, խորացել մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» պատրվակով իբր կատարվել են որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Սույն թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի ևս մեկ արտահերթ նիստ, որում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարություններ և պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյացությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում է՝

  • մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով,
  • կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»:

Հայտարարության նախագծի հիմնավորումը.

«Ընթացիկ տարվա մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փաստի առթիվ Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, երբ դեռևս ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները չեն վերադարձել և բանակցությունների արդյունքում միևնույն է հրաժարվում են վերադառնալ իրենց ելման դիրքեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատ կրող միակ մարմին խստիվ դատապարտում է հարևան երկրի թշնամական գործողություններն ու ոտնձգությունները՝ մեր երկրի սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Նախագծի ընդունմամբ կապահովվի՝

  • Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և դրա դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն:
  • ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը
  • Հայկական կողմից միջազգային հանրությանը ներկայացվող խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում` ի հակադրություն հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության:

Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումը, բնակիչների իրավունքների, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության երաշխավորումը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ