ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը

5.10.2022 - 10:31 դիտում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Կրթության զարգացման պետական նախորդ ծրագիրն ընդունվել է 2011 թ., գործել մինչև 2015 թվականը: Նոր ծրագրով սահմանված է երեք ռազմավարական ուղղություն. առաջին՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, երկրորդ՝ կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, երրորդ՝ կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:

Փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը:

Նախատեսվում է, որ առաջիկա 8 տարվա ընթացքում առնվազն կկրկնապատկվի հայաստանյան բուհերում սովորող ուսանողների թիվը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ