Ադրբեջանում դեռևս 38 ռազմագերի ու պատանդ է պահվում. Արարատ Միրզոյան

Աննա Կոստանյան 21.03.2022 - 16:36
21.03.2022 - 16:36 դիտում

Ադրբեջանում դեռևս պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք: Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Ադրբեջանում դեռևս 38 ռազմագերի, պատանդ կամ այլ կարգավիճակում անձ է պահվում: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են: Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ին տեղի ունեցած էսկալացիան»,- ասաց Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ շարունակում է ուժի մեջ մնալ նաև Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը:

«2021 թվականի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատման և վերադարձի կոչ անող բանաձև: Եվրամիության շրջանակներում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրն արծարծել են Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը, խորհրդարանի 100-ից ավելի անդամներ, մեր բազմաթիվ դաշնակից և գործընկեր ներկայացուցիչների բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը վստահեցրեց, այս հարցը համառորեն բարձրաձայնվում է միջազգային ցանկացած հանդիպմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ