Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել. Արցախի դատախազություն

Աննա Կոստանյան 9.11.2021 - 13:11
9.11.2021 - 13:11 դիտում

Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:

Երեկ Արցախի Հանրապետության դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են Արցախի Հանրապետության քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքելու մասին:

Հիշյալ հաղորդումն ուղարկվել է Արցախի ազգային անվտանգության ծառայություն՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը»,- ասված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ