Թշնամին դաշնակից է ընտրել կորոնավարակը. հաղթելով նրա դաշնակցին` կհաղթենք հակառակորդին. Լիլիթ Մուսեյան

Հրաչ Սահակյան 23.10.2020 - 22:45
23.10.2020 - 22:45 դիտում

Այսօր պատերազմ ենք մղում, որին մասնակցում են բոլորը` պետությունը, ազգաբնակչությունը, հայը: Մեզ համար տեսանելի այս պատերազմն ունի առնվազն երկու ճակատ` մեր երկրի սահմանների պաշտպանության, ինքնության պահպանման և գոյատևման ճակատն ու կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը:

«Վերջինիս գործընթացներում մենք ունենք նահանջ, քանի որ մեր հասարակության մի հատված դադարեցրել է պատշաճ կերպով պայքար մղել հիվանդության դեմ` դրանով իսկ ապարդյուն դարձնելով պայքարողների ջանքերը: Նվաճումների և վիրուսին նահանջել ստիպելու հարցում հարկ է, որ բոլորս համաձայնեցված և փոխօգնության մթնոլորտում գործենք: Չեմ կասկածում, որ կգտնվի գեթ մեկը, որ չի համաձայնվի այն փաստի հետ, որ մեր ունեցած ողջ ներուժն ու ծախսերը պետք է ուղղվեն դեպի ռազմաճակատ»,- ասաց Մուսեյանը:

Նրա խոսքով` կորոնավիրուսը հանգեցնում է ոչ միայն պետության ծախսերի ավելացման, այլև պաշարում է առողջապահական ֆոնդը: Զբաղեցնում է բուժաշխատողներին ոչ թե զենքից խոցվածներով, այլ վիրուսից խոցվածներով:

«Վարակվածները դուրս են մնում հայրենիքի համար մղվող պայքարից, ինչպես իրենց բուժման ողջ ընթացքում, այնպես էլ դրանից հետո ապաքինման համար անհրաժեշտ դեռևս երկար ժամանակահատվածում: Դուրս են մնում նաև վարակիչ և վարակման մեջ կասկածվողները: Ի վերջո, վարակը մենք կարող ենք փոխանցել մեր սահմաններում մարտնչողներին:

Պետք է որ առողջ լինեն մեր հայրենիքի պաշտպանները, մեր բուժաշխատողները, մենք, քանզի այսօրվա մեր պայքարն ուղղված է ոչ թե վերջին 30 տարիներին, այլ 500 տարիների ընթացքում մեր ազգի և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը: Նա իրեն դաշնակից է ընտրել կորոնավարակը: Հաղթելով նրա դաշնակցին՝ մենք կհաղթենք հենց իրեն և կմոտեցնենք մեր հաղթանակը:

Համաճարակին հաղթելու գործում, առաջին հերթին, մենք ինքներս պետք է լինենք կարգապահ և խստապահանջ` մյուսների նկատմամբ, ուստի պետք է հետևենք կորոնավիրուսային հատվածի ժամանակաշրջանի համար գրված կյանքի կանոններին` հանուն մեր քաջարի զինվորների, հանուն մեր հաղթանակի, հանուն մեր ազգի հարատևման: Առողջ եղեք»,- ասաց Մուսեյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ