Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում հանդիպման վերաբերյալ «չի արտացոլում» կողմերի դիրքորոշումը, այլ «խեղաթյուրում է» այն

Աննա Կոստանյան 2.06.2023 - 12:52
2.06.2023 - 12:52 դիտում

Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ չի արտացոլում կողմերի դիրքորոշումը, այլ խեղաթյուրում է այն. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լրատվամիջոցների համար հայտարարություն է արել հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հետագայում հանդիպման մասին Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել նախօրեին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպման վերաբերյալ:

Դրանում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում իրենց ստանձնած հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրում սահմանված սահմանների հարգման վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ հնարավորինս շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև հիշեցրել են Եվրամիության դիտորդական առաքելության ներդրման կարևորությունն ի նպաստ Հայաստանի։ Վերջում նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը։

Հանրապետության (Ֆրանսիայի) նախագահը մասնավորապես պնդել է թշնամական հռետորաբանությանը չտրվելու և խաղաղության վերադարձի ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,- ասվում է հայտարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ