Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու վերաբերյալ հայտարարությանը

Աննա Կոստանյան 17.10.2022 - 15:42
17.10.2022 - 15:42 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։

Նա նշել էր, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Սրան ի պատասխան Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարի պատճառաբանություններ փնտրել՝ խուսափելու «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) ճանապարհների/երկաթուղիների հետ կապելու պարտավորությունից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության:

«Անիրատեսական տարբերակ առաջարկելը` միաժամանակ անտեսելով 20 ամսվա քննարկումները, լավագույն քաղաքականությունը չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ։

Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ «ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար (Քարվաճառ՝ Tert.am), Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու (Սանասար՝ Tert.am)»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ