Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք. ԼՂ ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 7.09.2023 - 16:17
7.09.2023 - 16:17 դիտում

Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Այդ մասին ֆրանսիական Ouest-France օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ինչ իրավիճակ է ԼՂ-ում, ասել է ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարվել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Ավելի ուշ, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել։ Հունիսի 15-ից վերջնականապես լիովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղաշարժն այլևս արգելափակված է մարդկանց, սննդամթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների համար»,- նշել է նա։

Խոսելով շրջափակման հետևանքների մասին՝ նախարարն ասել է. «Ընտանիքները բաժանված են միմյանցից, խաթարված է հիվանդանոցների բնականոն գործունեությունը: Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանք կատարող անձինք չեն կարողանում հողատարածքները մշակել: Ավելին՝ նրանք ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի նպատակն է խոչընդոտել ցանկացած տեսակի տնտեսական ակտիվություն Արցախում և էլ ավելի խորացնել սովը։ Սա հումանիտար աղետ է։

Մեր պաշարները սպառված են․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք։ Արցախում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է։ Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենալու, եթե այս շրջափակմանը վերջ չդրվի։ Պետք է անհապաղ միջոցներ կիրառել, այլապես չափազանց ուշ է լինելու»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սովը կանխամտածվա՞ծ կերպով է կազմակերպված՝ Սերգեյ Ղազարյանը նշել է. «Այո, միջազգային առաջատար փորձագետներն իրավիճակը բնորոշում են որպես ցեղասպանություն։ Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք»։

Իսկ այդ ցեղասպանությունը կանխելու համար, նախարարի խոսքով, երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ը պետք է քաղաքական կամք դրսևորեն։ «Միջազգային հանրությունն ունի ցեղասպանությունները կանխելու պարտավորություն և կարողություն։ Միջազգային համապատասխան կազմակերպությունները պատշաճ կերպով տեղեկացված են Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նրանք պետք է օբյեկտիվ գնահատական տան դրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Միջազգային կազմակերպությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն շրջափակման պատասխանատուների նկատմամբ և բոլոր հնարավոր ճանապարհներով մարդասիրական օգնություն ուղարկեն, այդ թվում՝ օդային ճանապարհով։

Մենք դիմում ենք ազատ ու առաջադեմ աշխարհին՝ պաշտպանելու մարդու ու ժողովուրդների իրավունքները։ Եկեք ժամանակ չվատնենք, քանզի, ի վերջո, խոսքը ցեղասպանության կանխարգելման մասին է»,- ասել է Սերգեյ Ղազարյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ