Ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը. Հասմիկ Հակոբյան

11.03.2023 - 17:07 դիտում

Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին:

«2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը: Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, և որ Ադրբեջանն օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և անվտանգության հետ կապված հարցերից` պատգամավորը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել` իրականացնելու համար դատարանի որոշումը:

«Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի վրա, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում: Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, ևս մեկ սպա վիրավորվեց»,- ասել է Հասմիկ Հակոբյանը:

Նա նաև ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ