Ադրբեջանական այդ սադրանքը կանխատեսվել էր. Փաշինյանը՝ Տեղ գյուղի մոտ միջադեպի մասին

Աստղիկ Խաչատրյան 12.04.2023 - 19:31
12.04.2023 - 19:31 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Տեղ բնակավայրի մոտ ադրբեջանական սադրանքին:

«Երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որը տալիս եմ ինքս ինձ, հետևյալն է, թե ես ի՞նչը էնպես չեմ արել, որովհետև կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ադրբեջանական այդ սադրանքը կանխատեսվել էր:

«Կոնկրետ սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել, խնդիրներ եմ առաջադրել և այլն, և այդպես շարունակ։ Բայց, իմ գնահատմամբ՝ այն, ինչը տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Եվ ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել»,- ասաց նա։

«Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել են ուխտադրույժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այդ ձախողմանը պետք է հետևեն «որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ»։

«Նաև պետք է ավելի խորը քննենք և հասկանանք՝ ինչն է այդպես դասավորվել, և ինչու է այդպես դասավորվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ