ԱԳ նախարարը և Ալ-Ազհարի գերագույն իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը

Աննա Կոստանյան 8.03.2023 - 18:33
8.03.2023 - 18:33 դիտում

Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի գերագույն իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ:

Անդրադառնալով Եգիպտոսի՝ դարավոր պատմություն ունեցող հայ համայնքին՝ զրուցակիցները համաձայնել են, որ այն կարևոր ներդրում է ունեցել Եգիպտոսի զարգացման մեջ: Գոհունակություն է արտահայտվել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամության, ինչպես նաև երկու երկրների միջև զարգացող համագործակցության կապակցությամբ, որի լավագույն դրսևորումն էր փետրվարին Եգիպտոսի նախագահի առաջին այցը Հայաստան:

Երկուստեք կարևորվել է կրոնական ու պատմամշակութային հարուստ ժառանգության ներկայացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչումը։

ՀՀ ԱԳ նախարարը և Ալ-Ազհարի գերագույն իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կարևորել ծայրահեղականության և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ջանքերը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը: Նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հանգուցալուծման հրամայականին:

Նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման վտանգ պարունակող վերջին օրերի հայտարարությունները և գործողությունները:

Իր հերթին գերագույն իմամը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ դիրքորոշումը՝ վկայակոչելով 2020 թ. հոկտեմբերից ի վեր իր կողմից արված հայտարարությունները: Տարածաշրջանում ժողովուրդների միջև հանդուրժողականության կոչերի համատեքստում Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության օրերին գերագույն իմամ, շեյխ Սելիմի ուղերձը՝ փրկել հայերին ու չմասնակցել կոտորածներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ