Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Երասխում քաղաքացիական բնակչության թիրախավորման կապակցությամբ

17.06.2023 - 12:30 դիտում

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ Հայաստանի Երասխ բնակավայրի քաղաքացիական բնակչության թիրախավորման առնչությամբ։ Փարիզը կոչ է արել զսպվածություն դրսևորել, ձգտել դեէսկալացիայի և պաշտպանել խաղաղ բնակչությանը:

«Կոչ ենք անում կատարել Լաչինի միջանցքում երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան պատրաստակամ է՝ նպաստելու խաղաղության վերականգնմանը՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի բնակչության»,- ասված է հայտարարության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցրել են, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների հերթական փուլը՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ: «Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել քննարկվող մի շարք հարցերի ուղղությամբ, որոնք կարող են կարգավորվել բացառապես բանակցությունների միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ ապրիլին էլ ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այցելել է Հայաստան և Ադրբեջան՝ նպաստելու կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքմանը: «Այդ ջանքերն իրականացվում են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ սերտ գործակցությամբ»,- եզրափակել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ