Օտարերկրացիների՝ հայաստանյան կայքերով շահումով խաղեր խաղալու հնարավորությունը կհեշտացվի. նախագիծ

Աննա Կոստանյան 6.02.2024 - 16:13
6.02.2024 - 16:13 դիտում

Օնլայն դաշտում գործում են բազմաթիվ կայքեր, որոնք շահումով խաղերի ծառայություններ են մատուցում, հարկ չեն վճարում, լիցենզավորված չեն, և մեր սահմանված կանոններին չեն ենթարկվում, ինչը ռիսկ է ինչպես ֆիսկալ տեսանկյունից, այնպես էլ մարդկանց տեսանկյունից: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացնելու հարցը:

Նախարարի տեղակալը հիշեցրեց՝ վերջերս ԱԺ-ն ընդունել էր օրենք, որով պարտադրել էր ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին ինդենտիֆիկացնել մարդուն և քարտը, երբ նա փորձում է խաղադրույք կատարել: Այս իրավիճակը որոշակիորեն հանգեցրեց այն բանին, որ լիցենզավորված ընկերություններն ավելի կարգավորված դաշտում հայտնվեն, սակայն դրան զուգահեռ դեռ մի շարք խնդիրներ կան չլուծված:

«Առաջարկվում է, որ Կառավարությունը սահմանի կայքերի ցանկն և դիմի ինտերնետ պրովայդերներին, որպեսզի նրանք սահմանափակեն հասանելիությունն այդ կայքերին»,- ասաց նա:

Երրորդ կարգավորումը վերաբերում է աուդիտի պարտադիր պահանջին, քանի որ ոլորտը պետք է լինի գերթափանցիկ:

Երկրորդ կարգավորումը վերաբերում է միջազգային մրցունակությանը. «Սահմանվում է, որ եթե խաղացողը ՀՀ քաղաքացի չէ, եթե գրանցման պահին չի նշել ՀՀ-ն՝ որպես իր բնակության վայր, եթե IP-ով խաղալու պահին նա ՀՀ-ում չէ, և փոխանցումը չի անում ՀՀ բանկից (ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկից), ապա նա կարող է խաղադրույքը կատարել դոլարով: Նաև կարգավորումը սահմանում է, որ ինչ արտարժույթով խաղադրույքը կատարվել է, այն արտարժույթով էլ պետք է շահումը լինի»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց շահումով խաղերի մասով վիճակագրական թվերից: Ըստ Ավագ Ավանեսյանի՝ շահումով խաղերի տոկոսը ՀՆԱ-ում սկսեց իջնել, երբ Կառավարությունը սկսեց ուշադրություն դարձնել ոլորտին: Այն այժմ ՀՆԱ-ի մեջ 4 տոկոսից իջել է, պատմական մաքսիմումը 6 տոկոս էր 2016-2017 թթ.-ներին:

«Ինչ վերաբերում է ինտերնետ շահումով խաղերում խաղադրույքներից, ցավոք, այստեղ մենք ունենք իրավիճակ, երբ խաղադրույքների բացարձակ թիվը (որ ասում էինք՝ չենք կարողանում կրկնակիները հանել) մոտավորապես 1,75 անգամ աճել է 2023-ը 2022-ի նկատմամբ, բայց համաշխարհային տրենդ էլ կա, և համաշխարհային տրենդն էլ է գերարագ աճում, ու այնպես է, որ բոլորին անհանգստացնում է»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանեց՝ մի կողմից խաղալու հնարավորությունները շարունակաբար փոքրացնելու են, մյուս կողմից՝ օտարերկրացիներին հնարավորություն է տրվելու, որոնք ցանկանում են հայաստանյան կայքերով խաղալ, ավելի հեշտ խաղալ: Նաև դժվարանալու է կամ գրեթե անհնար է դարձվելու ՀՀ-ի քաղաքացիների, ռեզիդենտների խաղալու հնարավորությունը օտարերկրյա կայքերի միջոցով. «Եթե պիտի խաղան, ինչը շատ վատ է, գոնե խաղան ՀՀ տարածքում»:

Նախագծի շրջանակում նաև քննարկվեց կրիպտոարժույթներով խաղադրույք կատարելու խնդիրը, մինչդեռ կրիպտոարժույթը Հայաստանում լիցենզավորված գործունեության տեսակ չէ: Մյուս խնդիրն էլ այն է, որ օգտատերը կարող է VPN օգտագործել, ինչի արդյունքում հնարավոր չի լինի պարզել, թե, օրինակ, որ երկրից է խաղադրույք կատարողը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ