Քննչական կոմիտեում հանդիպել են ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգիի հետ

9.08.2021 - 19:48 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգիի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը, նույն գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մարիցա Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը շնորհակալություն է հայտնել՝ Քննչական կոմիտեում հյուրընկալվելու նախաձեռնության համար՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև տարիներ ի վեր ձևավորված փոխվստահելի և գործընկերական հարաբերությունները:

ՔԿ նախագահի տեղակալը նշել է, որ Քննչական կոմիտեի գործունեության սկզբնական շրջանից սկսած ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության շրջանակներում շարունակաբար ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն, որն արտահայտվում է ինչպես առանձին քրեական գործերով ներկայացված իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումների պահանջների կատարմամբ, այնպես էլ լավագույն փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող դասընթացների միջոցով:

Ա.Այվազյանը կարևորեց նաև ձևավորված փոխգործակցության ընթացքում իրականացվող աշխատանքային այցերը, որոնց ընթացքում տեղի ունեցող կառուցողական քննարկումների արդյունքում իրենց լուծումն են ստանում արդիական տարատեսակ խնդիրները:

Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարատեսակ ծրագրերի, ինչպես նաև առցանց դասընթացների իրագործման միջոցով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ