Տեղի է ունեցել «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը

Աննա Կոստանյան 9.09.2021 - 17:52
9.09.2021 - 17:52 դիտում

Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք- 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները:

ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները հնարավորություն կընձեռեն մշակել զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ:

Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք-2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ:

«Արևմուտք-2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ:

Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ