Վրաստանի Ներգետի գյուղում գիշերը տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս հինգը համարվում են անհետ կորած։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
Նրա խոսքով՝ ավելի քան 200 հրշեջ փրկարար և տասնյակ միավոր հատուկ տեխնիկա ներգրավված են մաքրման աշխատանքներում և անհետ կորածների որոնումներում, գրում է kommersant.ru-ն։
«Գյուղի 70 տոկոսը սողանքի տակ է հայտնվել։ Սողանքը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը»,- ասել է պաշտոնյան։
Սողանքի պատճառը երկրի արևմուտքում տեղացած առատ տեղումներն են։ Սողանքն ուղեկցվել է սաստիկ քամիներով, որոնք քշել են 300 տների տանիքներ արևմտյան Վրաստանի մեկ այլ տարածաշրջանում՝ Սամեգրելոյում: Մարտվիլի քաղաքում չորս միջնակարգ դպրոց և երկու մանկապարտեզ մնացել են առանց տանիքի:
Միաժամանակ տասնյակ սողանքներ են տեղի ունեցել Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում։ Խուլոյ և Քեդ համայնքների գյուղերում 2 մարդ է զոհվել, մոտ 100 ընտանիք ստիպված է եղել տարհանել անվտանգ վայրեր։
Սողանքները հանգեցրել են Վրաստանի արևելքը, ներառյալ մայրաքաղաք Թբիլիսին, երկրի արևմուտքին կապող ռազմավարական երկաթուղային տրանսպորտի խաթարման. Թբիլիսի-Բաթում և Թբիլիսի-Զուգդիդի երթուղիներով երկու գնացքներ ստիպված են եղել ընդհատել երթևեկությունը ճանապարհի կեսին և վերադառնալ մայրաքաղաք։ Հ
արյուրավոր ուղևորներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկներ և վերաբնակիչներ, որոնք մեկնում էին Բաթում, ստիպված են եղել չեղարկել իրենց այցը կամ գնալ արևմուտք: