Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին Լոռին «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար

7.11.2024 - 20:10 դիտում

Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։

Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ, որը որոշակի կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչպես կմեկնաբանեք այն։

-Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել են որակապես նոր մակարդակի վրա, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։

Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որում Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Վրաստանի նախագահի հրապարակումից որոշ ժամանակ անց վրացական տուրօպերատորը խմբագրել էր իր ռեպորտաժը՝ նշելով, որ տուր են կազմակերպում դեպի Հայաստան։ 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ