ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույցներ են ունեցել ապաստան հայցող անձանց հետ։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են սննդի ապահովման, գերբնակեցվածության, ջրամատակարարման, գազամատակարարման, խոնավության և սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված համակարգային խնդիրներ։ Արձանագրվել է նաև, որ Կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Ուսումնասիրվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը։ Մասնավորապես, արձանագրվել են անհրաժեշտ կենսապայմանների, առողջության պահպանման և զարգացմանն ուղղված ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ։ Պարզվել է նաև, որ Կացարանում բնակվող երեխաներից մեկն ունեցել է կրթական գործընթացում ընդգրկվելու խնդիրներ։
Դեռևս 2023 թվականից կառուցման փուլում գտնվող՝ Աբովյան քաղաքում տեղակայված նոր շենքը մինչ օրս չի հանձնվել շահագործման։
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Հատուկ կացարանի» շենքային պայմանների անբարենպաստ լինելու խնդրին։ Պաշտպան Անահիտ Մանասյանն այս հարցը հատուկ ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024 և 2025 թվականների տարեկան հաղորդումներում՝ կարևորելով նոր շենքի հնարավորինս սեղմ ժամկետում շահագործման հանձնելու անհրաժեշտությունը։
