Հիմնական զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել են մի շարք առաջարկներ ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Արսեն Թորոսյանի, Անդրանիկ Քոչարյանի ու Զարուհի Բաթոյանի կողմից: Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ ընդունվել են Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերել են արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելուն և ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելուն: Ըստ առաջարկի՝ առաջին խախտման դեպքում կառաջացնի տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, նախկին երեքի փոխարեն և տուգանային 1 միավորի կիրառում: Երկրորդի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ նախկին հնգապատիկի փոխարեն և կրկին 1 տուգանային միավոր: Նախկինում վերոնշյալ խախտումների դեպքում տուգանային միավոր չի հանվել:
Արմեն Խաչատրյանը նշել է, որ մյուս պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները բովանդակային առումով փոխում էին օրենքի նախագիծը, ուստի որոշում է կայացվել, որ նրանք հանդես գան հեղինակային առանձին օրինագծով:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: