Սպանություն Շիրակի մարզում. Գյումրիում Անդրանիկի արձանի մոտից հիվանդանոց են տեղափոխել 35–ամյա տղամարդու դի

27.02.2022 - 23:47 դիտում

Այսօր՝ փետրվարի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 01:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից  Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահրամ  Ենգոյանը, բաժնի պետ Ղարիբյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը  իրենց մոտ է տեղափոխվել «աջ ազդրի վերին երրորդի  կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ:

Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն էր:

Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի անձը ճշտելու, նրա և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ