Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 21-ին եղել է Գորիսի քույր քաղաք Վիենում։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
«Մարզպետը հանդիպում է ունեցել Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի հետ, շնորհակալություն հատնել քաղաքային իշխանություններին Գորիս քաղաքում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։
Մարզպետն ու քաղաքապետը կարևորել են հետագա համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ մասնավորապես առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում։
Վիենի քաղաքապետարանում Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց մեծ մասը հայ համայնքի ներկայացուցիչներ էին։ Վերջիններս ներկայացրել են «Գորիս-Վիեն» միության շրջանակներում փոխգործակցության արդյունքներն ու ֆրասիական կողմի աջակցության արդյունքները։
Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը նաև շրջայց է կատարել քաղաքում։
Վիեն այցի ընթացում Ռոբերտ Ղուկասյանին ուղեկցում էին Ֆրանսիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Լևոն Դավթյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը»,- նշված է գրառման մեջ։