Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայի հարավում անտառային հրդեհների մարման գործում ցուցաբերած օգնության համար: Նշվում է, որ Ռուսաստանից հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկվել Թուրքիա: Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմին հղումով գրում են թուրքական լրատվամիջոցները:
«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ հրդեհները մարելու համար Թուրքիա ուղարկած 40 տոննա ջրընդունիչով հինգ Իլ-76 ինքնաթիռի և Մի-8 հակահրդեհային ուղղաթիռի համար», – ասված է հայտարարության մեջ:
Հրդեհների դեմ պայքարելու համար Անկարայի խնդրանքով Թուրքիա կուղարկվի նաև ՌԴ Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ ավիախումբ՝ 11 միավոր տեխնիկայով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Թուրքիայի Հանրապետության իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով աջակցել թուրքական բնակավայրերի և զբոսաշրջային գոտիների մոտակայքում մոլեգնող անտառային հրդեհների մարմանը, որտեղ այժմ մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են հանգստանում: Կայացվել է դրական որոշում», – ասված է հաղորդագրության մեջ: