ՌԴ-ն կոչ է անում անհապաղ սկսել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ բանակցային գործընթացի նախապատրաստումը. Լավրով

Աննա Կոստանյան 21.11.2023 - 18:53
21.11.2023 - 18:53 դիտում

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Պաղեստինի արտգործնախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը, Այման Հուսեյն Աբդալլահ աս-Սաֆադին, Սամեհ Շուքրին, Ռետնո Մարսուդին, Ռիյադ ալ-Մալիքիը, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հիսեյն Բրահիմ Տահան ժամանել են Մոսկվա՝ քննարկելու Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրանց Ռուսաստանի մայրաքաղաքում ընդունել է Սերգեյ Լավրովը: ՌԴ արտգործնախարարն իր ելույթում ասել է, որ «մերձավորարևելյան քառյակը» չկարողացավ կատարել իր գործառույթները, քանի որ չէր ներառում արաբական աշխարհի ներկայացուցիչներին:

«Մենք տարիներ շարունակ հանդես էինք գալիս այն բանի օգտին, որ «քառյակը» սկսի աշխատել Արաբական պետությունների լիգայի հետ լիակատար համակարգմամբ։ Մեր արևմտյան գործընկերները, ցավոք, սառն էին վերաբերվում դրան։ ՄԱԿ-ը պատշաճ նախաձեռնողականություն չցուցաբերեց այդ հարցում»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ սկսել պաղեստինյան պետության ստեղծման բանակցային գործընթացի վերագործարկման նախապատրաստական աշխատանքը:

Անդրադառնալով Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին՝ ՌԴ գլխավոր դիվանագետը նշել է, որ դրանց հումանիտար հետևանքներն աղետալի են, իսկ ստացվող մարդասիրական օգնության ծավալն ակնհայտորեն անբավարար է։ Նա ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ