ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ հատուկ ուշադրության և սեփական անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու հիմք է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին Անկարայի հայտարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:
«Դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մոտ մեր հատուկ ուշադրության, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի պատճառ է հանդիսանում», – լրագրողներին ասել է Պեսկովը:
Նրա խոսքերով`դա Ռուսաստանի համակ ուշադրության հարց է: